понедельник, 3 февраля 2014 г.

Բնական Զոնաներ



Տարածման շրջաններ





Սահարա անապատը տիեզերքից

Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում։ Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում


Կլիմա

Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։

Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը՝ +58,1°C (Սահարա)։ Ավազը տաքանում է մինչև +80°C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն՝ -50°C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը՝ 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում՝ 50 մմ.։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։





Կարակում


Հողեր

Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են։ Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները։ Շատ են աղուտներն ու աղատաշտակները։

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր)։


Բուսական աշխարհ





Ատակամա անապատը տիեզերքից

Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ՝ հարմարված չոր ցամաքային կլիմային։ Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը՝ 10 - 15 մ.։ Բույսերից շատերը զուրկ են տերևներից։

Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։

Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն)։ Այս շրջաններին անվանում են թուգայներ։


Կենդանական աշխարհ





Լիբիական օազիս

Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ Ուղտըմեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը՝ Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։

Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները։ Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում՝ վագրեր, վարազներ, եղեգնակատուներ։


Յուրացում

Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ։ Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։



Комментариев нет:

Отправить комментарий