Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորորդը աշխարհում ՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Չինաստանի տարածքը 9.596.960 քառակուսի կմ է, ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը 22 117 կմ, ափամերձ գոտու՝
14.500 կմ:Մայրաքաղաքը Պեկինն է: Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։Դրանք են՝
Վիետնամը, Լաոսը, Մյանմարը, Բութանը,Նեպալը, Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը,Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։
Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Տարածքի ավելի քան 70 %-ը լեռնային է։ Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը՝ 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ։ Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով։ Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով։ Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի,սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ։
Համաձայն ՉԺՀ Սահմանադրության (Դեկտեմբեր 1982)՝ Չինաստանը համարվում է «Ժողովրդի դեմոկրատական դիկտատուրայի սոցիալիստական պետություն»:
Վարչական բաժանումը. 22 նահանգների, 5 ինքնավար մարզերի և կենտրոնական ենթակայության 4 քաղաքների վարչատարածքային բաժանումը տարածվում է միայն մայրցամաքային Չինաստանի վրա և չի ներառում Հոնգ Կոնգը, Մակաոն և Թայվանը:
Կլիման. Չինաստանի կլիման շատ բազմազան է. սկսած հարավային մերձարևադարձայինից, մինչև` հյուսիսային բարեխառնը: Ամռանը խոնավ է, իսկ ձմռանը բավականին չոր:
Շանհայը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենամեծ և նշանակալի նավահանգստային քաղաքն է։ Շանհայի բնակչությունը արվարձաններով հանդերձ կազմում է 19.21 միլիոն մարդ, իսկ բուն քաղաքի բնակչությունը` 13,9 միլիոն է։ «Շանհայ» անվանումը առաջացել է չինական երկու հիերոգլիֆներից` 上 Շանգ – բարձր, վերևի, և 海 -հայ – Ծով, այսինքն` «Քաղաք ծովի» վրա կամ «Քաղաք ծովի վերևում»։ Քաղաքի միջով հոսում է Հուանգպու գետը։
Պեկինը (չինարեն՝ Բեյցզին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) գտնվում է Չինական մեծ հարթավայրում՝ Սիշանյան լեռների ստորոտում՝ Յունդիհե գետի ավազանում: Կլիման բարեխառն է, մուսոնային: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,5օC է, օգոստոսինը՝ 26 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 630–640 մմ: Պեկինն իր հարակից շրջաններով առանձնացված է որպես կենտրոնի ենթակայության ինքնուրույն վարչական միավոր. կազմված է 18 նահանգային ու 273 գավառական միավորներից: Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու Շանհայից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ: Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն (1970 թ-ից): Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին: Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը (1898 թ.), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, աստղադիտարանը, բուսաբանական այգին, գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ: Չինական օպերային արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն երգի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու ակրոբատիկայի բեմական գործողությունների համադրություն է: Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից: Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (XV դարի 1-ին կես): Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը (1420 թ., վերակառուցվել է 1544 թ-ին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ: Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը (1420–1530 թթ., վերակառուցվել է XVIII–XIX դարերում): 1949 թ-ին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը. ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր: Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը: Պեկինում են անցկացվել XXIX օլիմպիական խաղերը (2008 թ.):
Комментариев нет:
Отправить комментарий