пятница, 17 января 2014 г.

Արվեստ




Սերգեյ Մերկուրով


Սոցիալիզմի վաղ շրջանում հայկական քանդակագործության առջև ծառացած խնդիրները առնչվում էին «լենինյան մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրերի հետ: Ողջ Խորհրդային Միությունում նախատեսվում էր կանգնեցնել մարքսիստական գաղափարախոսության հիմնադիրներին, հեղափոխական գործիչներին, քաղաքացիական պատերիազմի հերոսներին փառաբանող հուշարձաններ: Սակայն տնտեսական պայմանների հետևանքով այդ աշխատանքները իրականացվում էին էժան, ոչ դիմակայուն նյութերից, ինչի պատճառով էլ դրանց մեծ մասը չի պահպանվել: Քանդակագործությունը տեմպերը բավական դանդաղ ընթացք ունեին, քանի որ չկային մասնագիտական կրթություն ստացած վարպետներ , ովքեր կկարողանային զարգացնել ու խթանել կերպարվեստի այս ճյուղը:
1925-1927թթ. Հայաստան են գալիս Ռուսաստանում և արտասահմանում կրթված քանդակագործներ Արա Սարգսյանը, Ստեփան Թարյանը, Սուրեն Ստեփանյանը, Այծեմնիկ Ուրարտուն և Սերգեյ Մերկուրովը, որոնց շնորհիվ աստիճանաբար ձևավորվում ու վերելք են ապրում քանդակագործության տարբեր ժանրերն ու տեսակները: 1920-30-ական թթ. Խորհրդային Հայաստանում քանդակագործության մոնումենտալ ձևերի ու տեսակների զարգացման համար կարևոր դեր է կատարել Սերգեյ Մերկուրովը :
Սերգեյ Մերկուրովը ծնվել է 1881թ. Ալեքսանդրապոլում: Ուսումը ստացել է Թիֆլիսի ուսումնարանում, որից հետո ընդունվել է Կիևի ճարտարագիտական ինստիտուտ, որտեղից հեռացվում է քաղաքական վեճերում մասնակցություն ունենալու պատճառով: Ուսումը շարունակել է Շվեյցարիայում` Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում` միաժամանակ դառնալով շվեյցարացի քանդակագործ Ադոլֆ Մեյերի աշակերտը: Վերջինիս խորհրդով Մերկուրովն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորում է մինչև 1905թ.: 1905-1907թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում, որտեղ ծանոթանում է Ռոդենի և Մենյեի աշխատանքներին, որ մեծ հետք են թողնում իր ստեղծագործության վրա: 1907թ-ից Մերկուրովն ապրում է Թիֆլիսում և Յալթայում: Յալթայում ապրելու տարիներին Մերկուրովն աշխատում է հայկական եկեղեցում` իրականացնելով ավագ սեղանի, ներքին ու արտաքին որմերի և ճակատների զարդաքանդակները: 1910թ. տեղափոխվում է Մոսկվա, որտեղ նրան հրավիրում են անելու Տոլստոյի հետմահու դիմակը:
1918թ. հաստատվում է «Հանրապետության հուշարձանների մասին» դեկրետը, որը հրապարակում է այն հուշարձանների ցանկը, որ նախատեսվում են տեղադրվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այդ ընթացքում Մերկուրովն արդեն արել էր նշված ցուցակի մեջ մտնող 2 գրանիտե աշխատանք` Դոստոևսկու(1914) և Տոլստոյի(1912) քանդակները: Դոստոևսկու քանդակը Մերկուրովը մտածել էր դեռևս 1905թ., երբ կերտել էր գրողի մոտ 20 կիսանդրի, նախքան քանդակի նյութին` շվեդական գրանիտին անցնելը: Արդեն պատրաստի քանդակները Մերկուրովը ներկայացնում է հատուկ հանձնաժողովի դատին, որը հավանության է արժանացնում դրանք: Դա Մերկուրովի առաջին մեծ հաջողությունն էր նոր իշխանության տարիներին:
1928թ. համամիութենական մրցույթ է հայտարարվում Երևանում Ստեփան Շահումյանի հուշարձանը տեղադրելու առիթով, և իրենց նախագծերն են ներկայացնում Ս. Մերկուրովը, Ա. Սարգսյանը, Ա. Ուրարտուն, Մ. Գրիգորյանը և այլք: Մերկուրովի նախագիծը հաղթում է, և ճարտարապետ Ի. Ժոլտովսկու ընկերակցությամբ նա իրականացնում է հուշարձանի ստեղծումն ու տեղադրումը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1931թ. սեպտեմբերին: Աստիճանավոր ցածր հարթակի վրա` մոխրագույն բազալտով սալապտաված քառանիստ հզոր մույթերի դիմաց, կանգնած է հայ հեղափոխականի ուժեղ կերպարը. ձեռքերը կրծքին խաչած Շահումյանի դիմագծերում ու ողջ կեցվածքում տպավորվել է վեհ գաղափարի համար նահատակվող , անկոտրում մարդու ուժը:
Ստալինյան անհատի պաշտամունքի շրջանում Մերկուրովը դառնում է առաջին քանդակագործներից մեկը, ով պարբերաբար պատվերներ էր ստանում Լենինի և Ստալինի քանդակների համար և ստեղծում է մեծ թվով հուշարձաններ, որ տեղադրվել են Խորհրդային Միության տարբեր երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում:Մերկուրովը ստեղծում է Ստալինի 3 հսկայական քանդակ` Երևանում, Դուբնայում և Մոսկվայում, որոնք հետագայում` խրուշչովյան ձնհալքի տարիներին, իջեցվում են կամ քանդվում: Երևանում Մերկուրովը կոթողային երկու մեծ հուշարձան է կանգնեցնում: 1940թ.-ին Լենինի անվան կենտրոնական հրապարակում ճարտարապետներ Լ. Վարդանյան և Ն. Փարեմուզյան ամուսինների օգնությամբ ազգային բնորոշ զարդամոտիվներով հարդարված գրանիտե ամբիոնի վերևում` քառանիստ պատվանդանի վրա, կանգնեցնում է Լենինի պղնձե 9 մ-անոց արձանը : Լենինը ներկայացված էր ձեռքն առաջ մեկնած հռետորի տեսքով, որն իր գրանիտե բարձունքից կարծես տեսնում և վստահաբար ցույց էր տալիս «դեպի լուսավոր ապագան տանող ուղին»: Երևանյան այս հուշարձանը ինքնատիպ չէր, քանի որ կրկնում էր 1939թ. Մոսկվայի Կրեմլում` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում Մերկուրովի տեղադրած Լենինի մարմարե ֆիգուրը:
Ավելի վիթխարի ստեղծագործություն էր 1950թ. Երևանում բացված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանը , որի 34 մ բարձրությամբ ուղղաձիգ տուֆե պատվանդանի վրա տեղադրված էր Ստալինի բրոնզե 17 մ-անոց արձանը : Հետագայում` 1967թ., նույն պատվանդանի վրա, տեղադրվում է Արա Հարությունյանի կերտած «Մայր Հայաստան» հուշարձանը` կոփածո պղնձից, 22 մ բարձրությամբ:
Մերկուրովը բարձր վարպետության է հասցնում հետմահու դիմակի արվեստը: Պահպանվել են նրա կատարած մոտ 300 աշխատանք` Խրիմյան Հայրիկի, Հովհաննես Թումանյանի, Տոլստոյի, Բուլգակովի, Սուրիկովի, Դերժինսկու, Օրջոնիկիձեի, Ցետկինի, Էյզենշտեյնի և այլոց: Նրա կերտած մահարձանները մինչ օրս կանգնած են Մոսկվայի տարբեր հատվածներում, իսկ Իզմայլովյան այգում կանգնած է նրան նվիրված հուշարձանը:
Մերկուրովը մահանում է 1952թ, թաղված է Մոսկվայի գերեզմանատանը: 1984թ. քանդակագործի ծծնդավայր Գյումրիում բացվում է Մերկուրովի թանգարանը 1869թ. քանդակագործի պապ` Ֆյոդր Մերկուրովի կողմից կառուցված տանը, որտեղ էլ պահվում է նրա աշխատանքների մի մասը:

  «Мысль»
«Смерть вождя»
«Расстрел 26 бакинских комиссаров»
                                              Сталин в Ереване


Комментариев нет:

Отправить комментарий